Այն ժամանակ, երբ անգամ չունեինք «միջազգային ճանաչված իրավունքը» Բաքվի նավթագազային ենթակառուցվածքները հարվածելու, ունեինք բարոյական պարտականություն՝ պաշտպանելու մեր զինվորի կյանքը, մեր քաղաքացու տունը, մեր Արցախի պատիվը։
Հայրենիք պաշտպանելը երբեմն օրենքի սահմաններից դուրս քայլ է պահանջում։
Դա են արել բոլոր իրական պետականությունները, երբ վտանգվել է իրենց գոյությունը։
Իսկ մենք ի՞նչ արեցինք։
Հանձնում՝ փուլ առ փուլ, օրակարգ առ օրակարգ, թղթով ու քարտեզով, ու հետո բարձրախոսի միջոցով «հայրենասիրական ելույթներ»՝ դատարկ ու անբովանդակ։
Բայց ո՞վ էր թիկունքում կանգնած։
Մի՞թե հենց այն միջազգային նավթային օլիգարխիան, որի հովանու ներքո մեր թշնամին տարիներ շարունակ ուժեղանում էր, զինվում, բագաժ էր դնում իր «մեկօրյա հաղթանակի» համար։
ՈՒ երբ եկավ վճռական պահը՝ Արցախը պաշտպանելու ոչ թե ֆեյսբուքով, այլ թշնամու էներգետիկ շնչուղին կտրելով, նրանք՝ այդ նույն «միջազգային գործընկերները», թաքուն սպառնացին մեր «առաջնորդներին»՝ «չդիպչեք մեր խողովակներին», իսկ վերջիններս գլուխ խոնարհեցին։
Այո՛, խոնարհեցին, իսկ մեր տղաները ընկան՝ դիրք առ դիրք, մարմնով պաշտպանելով մի հող, որը դիվանագիտական սենյակներում արդեն վաճառվել էր։
Իսկ հիմա, նույն արևմտյան երկրները, որոնց շահերը կասեցնելու հսկայական շանս ունեինք պատերազմի հենց սկզբում, սրբորեն լռում են՝ տեսնելով էթնիկ զտում, ագրեսիա, ռազմագերիների հանդեպ վայրագություններ։ Որովհետև նավթը սրբություն է, իսկ պաշտոնյա հայը՝ ծախվող գործիք, եթե ինքը չի ապացուցում հակառակը։
ՈՒ երբ այսօր մարդիկ «լայք» տալով կոչ են անում պայքարել Բաքվի բանտերում նստած նախկինների համար, լավ կլիներ իրենց հարց տան՝ իսկ այդ մարդիկ ինչու՞ չպայքարեցին, երբ ժամանակն էր։
Ի՞նչն էր խանգարում պատերազմի ժամանակ գոնե մեկը հայտարարեր․
«Ես այլևս չեմ ծառայում իշխանության հանձնման քաղաքականությանը։ Ես ծառայում եմ հողին, իմ զինվորին ու իմ հայրենիքին։ Թեկուզ գնամ բանտ, բայց կփրկեմ մի գյուղ, մի կյանք, մի նամակ՝ մոր գրպանում»։
Չեղավ այդ մեկը։
Ո՛չ Երևանում, ո՛չ Ստեփանակերտում։
ՈՒ հիմա մենք հազարավոր հերոսների գերեզմանների առաջ կանգնած, պիտի մոռանա՞նք, թե ովքեր լռեցին, ովքեր սպասեցին հանձնման ժամին՝ գործարքներին չխանգարելու համար։
Այո՛, պատերազմը ստրատեգիա է։
Եթե թշնամուդ զարկող կետը գիտես, բայց ձեռքդ հետ ես պահում՝ դու կամ վախկոտ ես, կամ ծախված։
Երկուսից էլ հայրենիքը չի փրկվում։
Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ